Նվիրաբերել

Սփյուռքի Ամենամեծ Շաբաթօրյա Դպրոցը

Թեմ

Հրապարակված է: 05/25/2018


Սփյուռքի ամենամեծ շաբաթօրյա դպրոցը

Մայրենի լեզու, հայ գիրք, հայի աննկուն ու մարտնչող հոգի և քրիստոնեական մեծ հավատք. ահա սրանք են մեր ժողովրդի հավերժության գրավականը, որի դեմ անկարող գտնվեց ցանկացած զենք ու թշնամի: Այս ներուժի բարգավաճմանն է ծառայում Հյուսիսային Ամերիկայի Հայոց թեմի Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյաց Մայր Տաճարի “Փոքրիկ Հրեշտակներ” շաբաթօրյա դպրոցը, որն իր գործունեության ընթացքում ունեցել է բազում ձեռքբերումներ: Այս շրջանում անուն, համբավ, հեղինակություն վաստակած կրթօջախն իր կայուն տեղն ունի կրթության ու մշակույթի բնագավառում՝ միաժամանակ պահպանելով միայն այս դպրոցին բնորոշ, հատուկ առավելությունները:

Յուրաքանչյուր հայ մանուկ պետք է լավ իմանա իր ժողովրդի պատմությունը և դաստիարակվի ազգային արժանապատվության ոգով: Դրա համար էլ հաստատությունն աշակերտների մեջ փորձում է սերմանել հայրենիքի նկատմամբ անհատնում սեր , մշտական հոգատարություն և այն պահպանելու, պաշտպանելու ձգտում: Դպրոցում երեխաները դաստիարակվում են որպես մեծ հայրենասերներ, որովհետև ու՞մ է պետք բարձորակ կրթությունը, երբ անձը չի սիրում և չի ճանաչում իր հայրենի երկիրը:

Կրթօջախն մշտապես հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որոնք միտված են երեխաների արդյունավետ կրթադաստիարակչական առօրյայի կազմակերպմանը:

Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում աշակերտները պատրաստում են տարբեր թեմաներով հրաշալի անհատական աշխատանքներ և ներկայացնում դրանք: Շատ ոգևորիչ է, երբ տեսնում ես, թե ի՜նչ հպարտությամբ են նրանք մտնում եկեղեցի՝ ձեռքներին բռնած իրենց աշխատանքները, որոնք պատմում են հայրենիքի և հայ հայտնիների մասին: Դպրոցի առօրյան հագեցած է շատ հետաքրքիր միջոցառումներով: Անցնող ուսումնական տարին ևս բացառություն չէր։ Դեկտեմբերի 23-ին 2-5-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցիչների գլխավորությամբ կազմակերպել էին Ս. Ծննդյան հիանալի միջոցառում, որն ուղեկցվում է “Հայաստանից ժամանած” առատաձեռն Ձմեռ պապիկի այցելությամբ:

Հատկանշական էր փետրվարին գրքի և մայրենի լեզվի տոների կապակցությամբ չորրորդ դասարանի աշակերտների պատրաստած պաստառները և խաղ մրցույթները:

Ըստ ձևավորված ավանդության՝ ամեն տարի ապրիլի 24-ի մերձակա շաբաթ օրը, աշակերտներն ուսուցիչների, տնօրինության և ծնողների հետ հավաքվում են Մայր Տաճարին կից Սրբոց Նահատակաց խաչքարի շուրջ, որտեղ ծաղիկներ են խոնարհում և աղոթում անմեղ զոհերի հիշատակի համար՝ խնդրելով նաև նրանց բարեխոսությունը: Սա հայրենասիրության վառ դրսևորում է, որը երեխաներին ուղղորդում է ապագայի նկատմամբ ունենալ կամք և հաստատակամություն:

Ամփոփիչ և հաշվետու ամավերջի հանդեսը տեղի ունեցավ 2018 թ․-ի մայիսի 19-ին։ Բացման խոսքում, տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը նշեց, որ այս տարվա միջոցառումները նվիրված են մայիսյան հաղթանակներին՝ Ավարայրից մինչև Սարդարապատ, Արցախ ու մեր օրերը։ Երկմասանի հայտագիրը մեկնարկեց առաջին դասարանի աշակերտների Այբենարանի հանդեսով, որի ժամանակ սաներն ստացան “Տառաճանաչության վկայական”-ներ: Ավարտական 6-րդ դասարանի միջոցառումը “Իմ հայրենիքը Հայաստանն է” թեմայով հիացրեց բոլորին իր տրամաբանական կուռ հագեցվածությամբ, գրական, գեղարվեստական ու մշակութային անրադարձումներով ու պատմության վերհուշով: Վերջում աշակերտները իրենց շնորհակալական խոսքն ասացին ուսուցիչներին, դպրոցի տնօրինությանը և Սրբոց Ղևոնդյաց Մայր Տաճարի հոգևոր պաշտոնեությանը:

Հարկ է նշել, որ աշակերտներին մշտապես այցելում է թեմական առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանը: Նա ծանոթանում է երեխաների ձեռք բերած գիտելիքներին, խրախուսում և իր օրհնությունը բաշխում նրանց: Առաձնակի մտերմություն է ստեղծվել նաև առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի հովիվ, աևժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանի և աշակերտների միջև:

Ուսումնական տարին ավարտվեց, սական պաշտոնեությունը չի բավարարվում նրանով, որ անցնող տարիներին դպրոցը դարձել է սփյուռքի ամենամեծ ու հզոր մեկօրյա վարժարանը, այլև մշտապես համալրում է դպրոցը նոր արդիական միջոցներով ու կրթական ծրագրերով:

Նոր ուսումնական տարվա ընդունելությունն սկսելու է հուլիսի 10-ից, իսկ դասերը՝ օգոստոսի 18-ից:

Անահիտ Բեգլարյան

Ուսուցչուհի

ԱՄՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները