Թեմ
Հրապարակված է: 05/11/2018
2018 թվականի Մայիսի 3-ին Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս Եկեղեցու Խնդիր Թաջիրյան մշակութային սրահում, ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդ Տ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ երիտասարդաց նվիրված երեկույթ։
Ծուխի հոգևոր հովիվ Տ Սասուն Ծ Վարդապետ Զմրուխտյանը ողջունեց հոգևորականներին և պատգամավորներին։
Մասնակիցները վայելեցին ծուխի երիտասարդաց միության կողմից պատրաստված ընթրիքը, որ համեմված էր նաև Շաբաթօրյա դպրոցի երեխաների անզուգական երգ ու պարով։
Հանդիսության ընթացքին Առաջնորդ Սրբազանը իր գնահատանքը բերեց ծխական խորհրդի անդամներին՝ ատենապետությամբ տիար Հովսեփ Շատարևյանին և հարակից մարմիններին, որոնք եկեղեցին դարձրեցին Լաս Վեգասի հայ համայնքի կրթական հոգևոր և մշակութային կենտրոնը։
Առաջնորդարանի «Hye Spirit» շքանշանին արժանացավ Դոկտոր Վիգեն Կիրակոսյանը, որ նաև ծուխի երիտասարդաց միության խմբավարն է։ Սրբազանը բարձր գնահատեց Դոկտոր Կիրակոսյանի աշխատանքն ու նվիրումը ծուխի երիտասարդներին մասնավորապես և հայ եկեղեցուն ընդհանրապես։ Սրբազանը երիտասարդներին հորդորեց ամուր մնալ իրենց կոչմանը և հայ քրիստոնյա ընտանիքի սուրբ արժեքներին։
Ծուխի Տիկնաց միության անդամները նույնպես արժանացան Սրբազան Հոր օրհնությանն ու խրախուսանքին։
Պատգամավորական Ժողովին հաջորդեց հյուրասիրություն, որի ընթացքում Առաջնորդ Հովնան Սրբազանը Տիկին Շաքե Անդրեասյանին արժանացրեց «Archbishops Award» պատվին իր երկարամյա ծառայության համար։
Եվ վերջում Առաջնորդ Հայրը գնահատանքի և օրհնության խոսքը ուղղեց Հայր Սասուն Զմրուխտյանին՝ հոգատար հովվության և ջերմ ընդունելության համար և նրան նվիրեց գեղեցիկ հուշանվեր Մայր Տաճարի պատկերով։