Թեմ
Հրապարակված է: 05/10/2018
2018 թվականի Մայիսի 3-ին Լաս Վեգասի Սբ Կիրակոս եկեղեցում տեղի ունեցավ Ամերիկայի Արևմտյան թեմի Տիկնաց 66-րդ տարեկան պատգամավորական ժողովը՝ նախագահությամբ թեմիս առաջնորդ Տ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի։
Ժողովը բացվեց Սրբազան Հոր աղոթքով։ Անդրադառնալով Հայրենիքում վերջին շաբաթների տիրող իրավիճակին Առաջնորդ Հայրն ասաց․ «Այս օրերուն ականատես դարձանք այն մեծ հրաշքին Մայր Հայրենիքին մէջ՝ որն ուրիշ բան չէ եթէ ոչ բարիին յաղթանակումը յանուն արդարութեան: Աշխարհի վրայ լուսաւոր էջ մըն է այդ եւ կոչը՝ արթնութեան համայն հայութեան համար»։
Հայր Սասուն Ծ Վրդ Զմրուխտյանը, որ Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս նորակառույց եկեղեցու հոգևոր հովիվն է, իր ողջույնի խոսքը փոխանցեց ներկաներին և հակիրճ կերպով անդրադարձավ նաև եկեղեցու դրական փոփոխություններին և գալիք ծրագրերին։
Տեր Ներսես քահանա Հայրապետյանն իր հոգևոր պատգամի մեջ խնդրեց ներկաներին նախ աղոթել Հայաստան աշխարհի խաղաղության համար։ Տեր հայրը կարևորեց տիկնաց դերը եկեղեցական, համայնքային կյանքում։ Պատգամեց, որպեսզի տիկինները հավատքով և աղոթքով շարունակեն իրենց աստվածահաճո ծառայությունը և լինեն Աստուծո գթառատ ձեռքերը իրենց համայնքների մեջ։
Ատենապետուհի Լենա Սիմոնյանը ներկայացրեց Տիկնաց կենտրոնական վարչության տարեկան գործունեությունը, ինչպես օրինակ այցելությունը տարբեր ծուխեր, կանաց աղօթքի օրվան նվիրված ձեռնարկը, շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին նվիրված ձեռնարկը և զանազան այլ ծրագրեր։
Առաջնորդ Սրբազան Հոր օրհնությամբ Տիկնաց կենտրոնական վարչությունը՝ ծուխերի ֆինանսական օժանդակությամբ, ստանձնեց նոր պատարագամատույցների հրատարակումն ու բաշխումը Թեմիս համայնքներին։
Տիկին Մելինե Ուզունյանը և Թալին Թոքաթլյանը, իբրև երկու տարբեր սերունդների և երկու տարբեր համայնքների ներկայացուցիչներ, խոսեցին իրենց սեփական փորձառությունների մասին։ Երկուսն էլ վկայեցին, որ Հայ Եկեղեցվո մեջ իրենց ծառայությունը հոգեպես զորացրել և առավել իմաստավորել է իրենց կյանքը՝ Աստուծո ներկայությամբ և Տիրոջ ուժականությամբ։
Ժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև ընտրություն և ընտրվեցին հետևյան անձինք․ Լուսիլ Ֆարսակյան, Նորա Քազանճյան, Զարմիկ Քիլիսլյան, Գլադիս Սարոյան, Ռամելա Սերոբյան և Բելեթ Շահբազյան։
Իր օրհնության խոսքի մեջ, Առաջնորդ Տ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը գոհություն հայտնեց առ Բարձրյալն Աստված՝ անցնող տարվա բուռն և արդյունաշատ աշխատանքների համար և դիմելով ներկա տարբեր եկեղեցիներից եղած տիկնաց միության անդամների ասաց․ «Քիչ ժամանակ անց բոլորս պիտի վերադառնանք մեր համայնքները նոր խոստումով մը. պահելու եւ պահպանելու, առաւել զօրացնելու Հայց. Եկեղեցին, Հայ Դպրոցն ու ընտանիքը, մեր լեզուն, սրբազան աւանդութիւններով մեր երթը՝ շարունակելու նոր երազներով: Ձեր հոգիներուն մէջ արթուն պահեցէք Քրիստոսի պատգամը. «Եւ մի երկնչիք յայնցանէ որ սպանանեն զմարմին եւ զոգի որ կարեն սպանանել. այլ երկերուք դուք առաւել յայնմանէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհենի»։ Սրբազանը օրհնեց Տիկնաց միության Կենտրոնական մարմնի բոլոր անդամներին և մասնակիցներին և կարևորեց նոր երիտասարդ սերնդի ներգրավումը տարբեր տիկնաց մասնաճուղերի մեջ։ «Դուք այն նուիրեալ տիկիններն էք մեր եկեղեցական ու ազգային կեանքին մէջ, որ քաջ հաւատքով ձեր էութեանը մէջ կը կրէք տեսիլքը մեր նախնեաց եւ այդ կը փոխանցէք ձեր զաւակաց եւ գալիք սերունդներուն: Ինչքան հոգեւորականները, այնքան եւ դուք պատասխանատուութիւն կը կրէք ձեր մէջ դառնալու նոր օրերու առաքեալները, որպէսզի ապրի Հայց. Եկեղեցին որպէս կռուանը մեր գոյութեան»,- իր խոսքը ամփոփեց Առաջնորդ Սրբազանը։ Ժողովը փակվեց Սրբազան Հոր աղոթքով։