Նվիրաբերել

Գերագույն Հոգևոր Խորհրդի Եւ Եպիսկոպոսաց Դասի Ուղերձը Վերջին Իրադարձությունների Առիթով

Թեմ

Հրապարակված է: 04/22/2018


Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ:

Ներկա կացության մեջ հարկ է առաջնորդվել սթափ դատողությամբ՝ զերծ ծայրահեղ հուզականությունից ու չարդարացված առավելապաշտական նկրտումներից:

Կոչ ենք ուղղում իրավապահներին ու ցուցարարներին գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսևորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները և զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից: Անթույլատրելի և աններելի են քայլերն ու գործողությունները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը, սերմանում երկպառակություն, ատելություն ու թշնամանք:

Այսօր երկխոսության հույսեր արթնացնող աննախադեպ նախաձեռնությունը, ցավոք, ընդհատվեց: Մենք հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել: Ակնկալում ենք, որ Հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերն իրենց հետևողական ու ծանրակշիռ գործունեությամբ միջամտեն զարգացումներին և փորձեն բանակցությունների, փոխհասկացողության ճանապարհով աջակցելու խնդիրների բարվոք հանգուցալուծմանը:

Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Հարուցյալ Տերը խաղաղ, անսասան և անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և զորացնի բարեպաշտ մեր ժողովրդի համերաշխության, հանդուրժողականության և ազգային միաբանության ոգին, Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրը դարձնելու աղոթքի և հաշտության օր:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները