Նվիրաբերել

Սկսուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Եղբայրական Այցը Վատիկան

Թեմ

Հրապարակված է: 04/05/2018


Սկսուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական այցը Վատիկան

Ապրիլի 4-ի երեկոյեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրաւէրով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, եղբայրական այցով ժամանեց Վատիկան` մասնակցելու Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողութեանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցում էին ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը, Իտալիայի հայոց հոգեւոր հովիւ Հոգեշնորհ Տ․ Թովմայ վարդապետ Խաչատրեանը եւ Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի տնօրէն Արժանապատիւ Տ. Վահրամ քահանայ Մելիքեանը:

Ապրիլի 5-ի առաւօտեան Վեհափառ Հայրապետը պատուիրակութեան ուղեկցութեամբ մեկնեց Առաքելական պալատ, ուր տեղի ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ  Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրոյցը:

Հանդիպումից յետոյ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպէս նաեւ Լիբանանից ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ու Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք Ամենապատիւ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյեանի մասնակցութեամբ եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի տեղի ունեցաւ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողութիւնը:

2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցուած Ս. Պատարագի ընթացքում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հայրերից Սուրբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակուել էր «Եկեղեցու վարդապետ»: Արձանի մանրակերտը ՀՀ նախագահի կողմից ընծայաբերուել էր Ֆրանցիսկոս Պապին 2016 թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում: Վատիկանի պարտէզում Ս․ Գրիգոր Նարեկացու բրոնզէ արձանը կանգնեցուել է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանի եւ ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկեանի բարերարութեամբ եւ Վատիկանում ՀՀ դեսպանութեան մշակոյթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետեանի կազմակերպական ջանքերի շնորհիւ։ Արձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դաւիթ Երեւանցին, ճարտարապետը՝ Միքայէլ Հասրաթեանը:

Էկումենիկ արարողութեան ընթացքում հնչեցին Հայաստանեայց Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների շարականներ, ընթերցուեց հատուած Ս. Գրիգոր Նարեկացու աղօթամատեանից, որի ժամանակ տիար Միքայէլ Մինասեանը կատարեց սրբի արձանի բացումը։ Այնուհետեւ Ֆրանցիսկոս Քահանայապետը օրհնեց արձանը, որից յետոյ հովուապետերը աղօթքով հայցեցին սրբի բարեխօսութիւնը:

Արարողութեանը նաեւ ներկայ էին ՀՀ ԱԺ պատգամաւորներ, ՀՀ կառավարութեան անդամներ, պետական այրեր, աշխարհասփիւռ հայոց տարբեր թեմերից ժամանած ուխտաւորներ։

Օրուայ ընթացքում Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատուիրակութեան ուղեկցութեամբ այցելեց նաեւ Ս. Պետրոսի տաճար։ Հայոց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետին նուիրուած արձանի առջեւ կատարուեց մասնաւոր աղօթք:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները