Թեմ
Հրապարակված է: 03/30/2018
Մարտի 29-ին` ուշ երեկոյեան, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարուեց Խաւարման կարգը, որը վերաբերում է Աւագ Ուրբաթին:
Առաւօտեան ժամերգութեան ընթացքում Խաւարման կարգի խորհրդի շուրջ քարոզեց Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:
«Մեր Եկեղեցու ծիսական կեանքի եւ Քրիստոսի կեանքի պատմութեան ամէնից յուզառատ եւ իրադարձութիւններով հարուստ օրեր ենք ապրում այս օրերին. օրեր, որոնք յագեցած են իրարամերժ, հակադիր զգացումներով եւ պատկերներով: Մի կողմից անսահման սէր, իսկ միւս կողմից՝ չյաղթահարուող ատելութիւն, մի կողմից անչափ ազնուութիւն եւ գիտակցութիւն, միւս կողմից՝ խորը եւ անյաղթահարելի նենգութիւն եւ կեղծութիւն, մի կողմից լոյս, միւս կողմից՝ խաւար, տառապանք եւ պատիժ, երջանկութիւն եւ դժբախտութիւն:
Քրիստոս անսահմանօրէն սիրեց մարդկանց, խնամք ցուցաբերեց ոչ միայն Իր անմիջական աշակերտների, այլ նաեւ այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր կարօտ էին Իր հոգատարութեան: Նա բուժեց կաղերին, կոյրերի աչքերին լոյս պարգեւեց, խուլերն էլ գտան իրենց լսողութիւնը, բորոտները բժշկուեցին: Աշակերտները, ովքեր ընդամէնը պարզ ու անյայտ ձկնորսներ էին, կարճ ժամանակամիջոցում դարձան հանրայայտ եւ հանրահռչակ: Մարդիկ ոչ մի չարութիւն, ոչ մի անհանդուրժողականութիւն եւ ոչ մի վատութիւն չտեսան Քրիստոսից, բայց Քրիստոսի նկատմամբ ատելութիւնը, թշնամանքն օրէցօր աճում էր ու զօրանում, եւ Քրիստոս դարձաւ նախանձի, ատելութեան եւ թշնամութեան թիրախ: Քրիստոսին հետապնդում էին ինչպէս հրէաները, փարիսեցիներն ու դպիրները, այնպէս եւ հռոմէացի զինուորները. Քրիստոս հարուածներ էր ստանում, ինչպէս օտարներից, այնպէս էլ իւրայիններից, Քրիստոսի աշակերտներից մէկը՝ Յուդան, արծաթսիրութեան, ագահութեան պատճառով մատնեց Նրան: Պետրոսը, որ բազմիցս հաւաստիացրել էր իր լիակատար հաւատարմութեան մասին, երեք անգամ ուրացաւ Քրիստոսին տառապանքի ու փորձութեան ամենածանր պահերին: Եւ նրան հետեւեցին նաեւ միւս աշակերտները: Քրիստոս մտրակուեց, նուաստացուեց, անարգուեց, չարչարանքների ենթարկուեց, խաչը բարձրացուեց եւ թւում էր՝ թէ չկայ տառապանքի ու չարչարանքների որեւէ այլ տեսակ, որը չգործածուէր մեր Տիրոջ նկատմամբ:
…Այսօր մենք համախմբուել ենք այս սուրբ Տաճարում ոչ թէ ընդամէնը յիշելու պատմական այս իրադարձութիւնները, ոչ թէ հաստատելու դրանց պատմական իսկութիւնը, այլ վերապրելու այդ իրադարձութիւնները, եկել ենք Քրիստոսին չարչարակից լինելու, կիսելու Նրա տառապանքները, եկել ենք հաղորդ դառնալու Նրա չարչարանքներին: Մենք զգում ենք ցաւի ու տառապանքի այն ձայները, որոնք արձակում էր Քրիստոս Իրեն չարչարանքի ենթարկելու պահերին, լսում ենք արիւն, քրտինք դարձած Նրա աղօթքները, Նրա յոյզերը, Նրա կտտանքները, հոգու բողոքները: Նոյն այդ բողոքներով, տագնապներով ենք պատուած մենք այսօր այս սուրբ եկեղեցում, որպէսզի չարչարակից լինենք Քրիստոսին՝ մեր Տիրոջը: Չարչարակից լինենք, բայց նաեւ երբեք ու երբեք չընկրկենք…Քրիստոս անսահմանօրէն սիրեց տրտմութիւնը, բայց երբեք չվախեցաւ լացից ու տրտմութիւնից: Քրիստոս սիրելով սիրեց լոյսը, բայց երբեք չերկնչեց խաւարից, Նա սիրեց ու նուիրուեց յաղթանակին, բայց երբեք չընկրկեց այդ յաղթանակի համար տառապանքով հատուցելու հեռանկարից», - նշեց Արշակ եպիսկոպոսը:
Սրբազան Հայրը յորդորեց ներկաներին, Տիրոջ նմանութեամբ փշերի, տառապանքների եւ փորձութիւնների միջոցով անցնելիս, չընկրկել ու չնահանջել, այլ շարունակել առաջնորդուել Քրիստոսի սիրով, յամառօրէն ընդառաջ գնալ փորձութիւններին ՝ հասնելու համար յաղթական վախճանին: