Թեմ
Հրապարակված է: 03/22/2018
Մարտի 17-ին Ուկրաինայի Դնեպր քաղաքում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու օծման հանդիսաւոր արարողութիւնը: Եկեղեցին կառուցուել է տէր եւ տիկին Ռաֆայէլ եւ Շամիրամ Յարութիւնովների ազնիւ բարերարութեամբ:
Նորակառոյց եկեղեցու առջեւ Ամենայն Հայոց Հայրապետին մեծ խանդավառութեամբ ու ծափողջոյններով դիմաւորեցին տարբեր համայնքներից այս ուրախալի առիթով Դնեպր ժամանած հարիւրաւոր հայորդիներ` գլխաւորութեամբ հոգեւորականների եւ համայնքային կառոյցների ներկայացուցիչների:
Եկեղեցու օծման արարողութեանը հայ համայնքի ուրախութեանը բաժնեկից էին Դնեպրոպետրովսկի մարզպետ Վալենտին Ռեզնիչենկոն, Դնեպրոպետրովսկի մարզային Ռադայի նախագահ Գլեբ Պրիգունովը, Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը, Ուկրաինայում պապական նուիրակ արքեպիսկոպոս Կլաուդիոյ Գուջերոտտին, Ուկրաինայի Ուղղափառ, Հռոմէակաթոլիկ, Յունակաթոլիկ եւ Լիւթերական եկեղեցիների ներկայացուցիչներ:
Հընթացս օծման սրբազան արարողութեան, սաղմոսերգութեան ներքոյ ջրով եւ գինով լուացուեցին տաճարի Սուրբ Սեղանը եւ օծուելիք սիւները: Այնուհետեւ Հայոց Հայրապետը Սրբալոյս Միւռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը։ Թեմակալ առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանի ձեռամբ օծուեցին խորանի` չորս աւետարանիչների անունը կրող սիւները: Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը եւ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը կատարեցին եկեղեցու մնացեալ տասը սիւների օծումը:
Օծման արարողութեան աւարտին Նորին Սրբութիւն Գարեգին Բ Կաթողիկոսը հայրապետական իր օրհնութիւնը բերեց Դնեպրի հայութեանը` շնորհաւորելով նոր աղօթատան բացման բերկրալի առիթով:
«Սիրելի հաւատաւոր զաւակներ Մեր,
Ուրախութեամբ են համակուած ամէնքիս հոգիները Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու օծման առիթով: Փառք Երկնաւորին, որ մեր ժողովրդի զաւակները շարունակում են եկեղեցաշէն աստուածահաճոյ ձեռնարկներով բարի նպաստ բերել մեր Սուրբ Եկեղեցու տէրունապատուէր առաքելութեանը:
Նորակառոյց այս աղօթատեղին կրում է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայոց մեծ Հայրապետի անունը, ով քրիստոնէութեան լոյսով պայծառացրեց ողջ Հայաստան աշխարհն ու համայն մեր ժողովրդին՝ պարգեւելով քրիստոնէական հաւատքի արշալոյսը: Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը նաեւ եկեղեցաշինութեան աւանդը փոխանցեց Քրիստոսասէր մեր ժողովրդին՝ յորդորելով. «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս»:
Այսօր, սիրելիներ, դուք արձագանքեցիք Լուսաւորիչ Հայրապետի կոչին եւ այս հոյակերտ եկեղեցին կառուցեցիք, որպէսզի առաւել զօրանայ համայնքի ազգային-եկեղեցական կեանքը, առ Աստուած յոյսն ու ապաւինութիւնը: Նուիրական աղօթավայրի շինութեամբ դուք վերստին վկայեցիք, որ մեր ժողովրդի զաւակները շարունակում են եկեղեցիացած մնալ եւ աստուածասէր ոգին արտացոլել հաւատաշեն հիանալի գործերում: Եկեղեցին, ըստ առաքեալի ուսուցման, հաւատացեալ ժողովուրդն է, որի գլուխն է մեր Տէրը` Յիսուս Քրիստոս: Մեր հաւատքը ամրանում, սնւում ու զօրանում է եկեղեցիների սրբազան հարկի ներքոյ, որոնց լուսեղէն խորաններից ուսուցանւում է Տիրոջ վարդապետութիւնը, բաշխւում Սուրբ Հոգու շնորհները: Այս հոյակերտ եկեղեցին այլեւս պիտի լինի հոգեւոր-ազգային կենտրոնը ձեր համայնքի, որի խնկաբոյր պատերից ներս հոգեպէս զօրանալով պիտի հաստատակամ լինէք՝ ապրելու Աւետարանական սուրբ պատգամներով, մեր հայրերի ժառանգութեան հանդէպ նախանձախնդրութեամբ ու հայրենական աւանդներով:
Ուկրաինայում բազում են յիշատակները Մեր ժողովրդի զաւակների հաւատոյ գործերի: Այդ են վկայում այս երկրում հայոց դարաւոր պատմամշակութային արժէքները, յուշարձաններն ու եկեղեցիները: Արդէն 10-րդ դարից գրաւոր տեղեկութիւններ են պահպանուել այստեղ հայերի բեղուն գործունէութեան՝ հասարակական կեանքի տարբեր ասպարէզներում: Ուրախալի է, որ այսօր Դնեպրի հայ համայնքը շարունակում է պատմական գաղթօջախի դարաւոր աւանդները եւ կարեւոր նպաստ է բերում ազգային-եկեղեցական կեանքի զօրացմանը, աստուածահաճոյ իրագործումներով բարեզարդում իր ընթացքը: Ներկայ ժամանակում մեր ժողովրդի զաւակները շարունակում են հարստացնել համայնքի եւ այս երկրի պատմութիւնը հաւատաւոր նորանոր ձեռնարկներով: Մեր մաղթանքն է, որ խաղաղութիւնը անվրդով լինի տարածաշրջանում, եւ Ուկրաինայի ժողովուրդը համերաշխութեան մէջ շարունակի ստեղծագործ ու արարող իր ընթացքը: Հայրապետական Մեր յորդորն է ձեզ, սիրելիներ, որ շարունակէք ապրել ու գործել հաւատքով, ազգասիրութեամբ ու հայրենասիրութեամբ եւ Լուսաւորչի բարեխօսութեան հայցով ձեր աղօթքները հնչեցնելով՝ արժանանաք երկնառաք բիւր բարիքների եւ օրհնութեան», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբութիւնը ողջունեց եկեղեցու օծման արարողութեանը Քրիստոնէական Եկեղեցիների սպասաւորների ներկայութիւնը, ինչպէս նաեւ իր գնահատանքը յայտնեց Ուկրաինայի պաշտօնատար անձանց, մարզային եւ քաղաքային իշխանութիւններին, որ բարեացակամ վերաբերմունքով զօրակցութիւն ու աջակցութիւն են ցուցաբերում հայ համայնքի ազգային-եկեղեցական կեանքին:
Հայրապետական իր գնահատանքը բերելով Ուկարինայի հայոց թեմի հոգեւոր դասին՝ գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանի` Հայոց Հովուապետը նաեւ իր օրհնութիւնը բաշխեց թեմի առաջին առաջնորդ Նաթան արքեպիսկոպոսին, հայ համայնքի ղեկավարներին եւ ուկրաինահայ իր բոլոր զաւակներիննորին Սրբութիւնը աղօթքով յիշեց նաեւ նախորդ թեմակալ առաջնորդ լուսահոգի Տ․ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթեանին, ում ջանքերով 2003 թուականին կատարուել էր եկեղեցու հիմնարկէքի արարողութիւնը։
Գարեգին Բ. Վեհափառն աղօթք բարձրացրեց առ Աստուած, որ Երկնաւոր Տէրը խաղաղութիւն եւ բարօրութիւն շնորհի Ուկրաինայի աստուածասէր ժողովրդին: Հայրապետը մաղթեց, որ Ամենակալ Տէրը նորակառոյց այս եկեղեցին մշտապէս անսասան պահի եւ լեցուն բարեպաշտ ու աղօթասէր զաւակներով:
Ի գնահատութիւն նուիրեալ ծառայութեան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մարկոս եպիսկոպոսին շնորհեց պանակէ։ Նորաօծ եկեղեցուն Հովուապետի կողմից ընծայուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերուած՝ Տիրոջ Ս․ Խաչելութեան պատկեր։
Վերջում Նորին Սրբութիւնն իր առանձնակի գնահատանքը յայտնեց եկեղեցու կառուցման բարերարներ տէր եւ տիկին Ռաֆայէլ եւ Շամիրամ Յարութիւնովներին եւ նրանց զաւակներին, ինչպէս նաեւ աղօթավայրի կառուցման գործում իրենց ներդրումը բերած երկու տասնեակից աւելի հայորդիներին: Հայրապետական բարձր գնահատանքի արժանացան նաեւ եկեղեցուն կից «Վարդուհի» ազգային-մշակութային կենտրոնի կառուցման հովանաւոր տիար Ալեքսանդր Պետրովսկին եւ եկեղեցու բարեշինութեանը մեծապէս աջակցած տիար Էմիլ Յարութիւնեանը:
Այս կապակցութեամբ Հայոց Կաթողիկոսը տէր եւ տիկին Ռաֆայէլ եւ Շամիրամ Յարութիւնովներին շնորհեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» պատուոյ բարձրագոյն շքանշանը, տիար Ալեքսանդր Պետրովսկուն՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», իսկ տիար Էմիլ Յարութիւնեանին` «Սուրբ Ներսէս Շնորհալի» պատուոյ բարձր շքանշանները:
Արարողութեան աւարտին նորաօծ եկեղեցում մատուցուեց անդրանիկ Սուրբ եւ Անմահ Պատարագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի։
Այնուհետեւ եկեղեցու բակում Ուկրաինայի հայոց թեմի երիտասարդական միութեան անդամները շուրջպարով ողջունեցին Ամենայն Հայոց Հայրապետին եւ արարողութեան մասնակիցներին։ Վերջում Նորին Սրբութիւնը վերստին իր օրհնութիւնը բաշխեց երիտասարդներին եւ ներկայ հաւատաւոր ժողովրդին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւր եկեղեցականների հետ նաեւ ծանօթացաւ «Վարդուհի» ազգային-մշակութային կենտրոնի պայմաններին՝ յաջողութիւններ մաղթելով նրա օգտաշատ առաքելութեանը։